Ֆրանսիայում մայիսի 28-ին իրավապահները ձերբակալել են «թուլուզյան հրաձիգ» Մուհամեդ Մերայի մեղսակիցներին` 25-30 տարեկան չորս տղամարդկանց: Նրանք ճանաչել են Մերայի ավագ եղբորը` Աբդելքադերին, որին նախկինում կրտսեր եղբոր իրագործած սպանություններում մեղսակցության մեղադրանքներ էին առաջադրվել:
Երկու կասկածյալներ ձերբակալվել էին Թուլուզում, մյուս երկուսը` Փարիզում: Ձերբակալման գործողությունն իրականացրել են ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները, հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով BFMTV հեռուստաալիքին:
Ավելի վաղ ոստիկանությունը եւս մի քանի մարդու էր ձերբակալել, որոնք կասկածվում էին Մուհամեդ Մերայի հետ կապ ունենալու մեջ: Սակայն հետագայում նրանցից շատերը բաց էին թողնվել: Բացի «հրաձիգի» ավագ եղբորից` ներկայումս մեղադրանքներ են առաջադրվել միայն մեկ հավանական մեղսակցի` Մուհամեդ Մունիր Մեսկինին, որին կասկածում են մոտոցիկլի գողությանը մասնակցելու մեջ:
Հիշեցնենք, որ 2012թ. մարտին մի քանի օրվա ընթացքում, Մերան, շրջելով երկրում, սպանել է յոթ մարդու, այդ թվում` երեք զինծառայողի եւ երեք երեխաների Թուլուզ եւ Մոնտոբան քաղաքներում: Ավելի ուշ ալժիրյան ծագում ունեցող 23-ամյա ֆրանսիացին սպանվել էր ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատի կողմից` իրեն ձերբակալելու գործողության ընթացքում:




























