Անհրաժեշտ է գիտակցել ազատ առեւտրի եւ տնտեսական միության միջեւ սկզբունքային տարբերությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեյներ Մորելը` պատասխանելով Եվրամիության ներկայացուցիչների կողմից վերջին հայտարարությունների մասին հարցին, որ Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու դեպքում Հայաստանը կկորցնի Եվրամիության հետ տնտեսական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունը:
«Եթե խոսքն ազատ առեւտրի մասին է, ցանկացած երկիր ազատ է ցանկացած այլ երկիրի հետ առեւտրի հարցում, իսկ պետությունը կարող է որոշում ընդունել այն մասին, թե ում տալ նախապատվությունը»,- նշեց դեսպանը: Սակայն նրա խոսքով, եթե երկիրն ապրում է Եվրասիական տնտեսական միության պայմաններում, ապա դա արդեն ընտանիք է իրենց ներկայացնում, տվյալ երկիրը դառնում է ընտանիքի անդամ, որտեղ որոշակի կանոններ գոյություն ունեն: «Այսինքն, ընտանիքի մեջ մտնող բոլոր երկրներն ամրապնդում են կանոնները, որոնք անհրաժեշտ են արտաքին կապերի իրականացման դեպքում: Ուստի, եթե դուք դառնում եք տվյալ ակումբի անդամ, չեք կարող օգտվել այն ազատությունից, որը կար նախկինում»,-ասաց դեսպանը` ավելացնելով, որ այս դեպքում անհրաժեշտ կլինի հետեւել ընդունված կանոններին:
Դիվանագետի համոզմամբ, հենց դրանում է Եվրամիության մի շարք պաշտոնյաների հայտարարությունների էությունը: «Հայաստանը պետք է ինքը որոշի: Եթե դառնա ապագա Եվրասիական տնտեսական միության անդամ, այլեւս ի վիճակի չի լինի մեզ հետ բանակցություններ վարել ի դեմս Հայաստանի, այլ հանդես կգա որպես այդ միության անդամ»,-նշեց նա` նկատելով, որ Հայաստանը կարող է չմտնել վերոնշյալ միության մեջ` աշխարհի մյուս երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրեր կնքելով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























