Հոլանդացի վոլեյբոլիստուհի Ինգրիդ Վիսսերի եւ նրա զուգընկեր Լոդեվեյկ Սեւերինի սպանության գործով ձերբակալվել է իսպանական Murcia 2005 ակումբի նախկին մենեջերն ու տեխնիկական տնօրենը: Վիսսերն այդ ակումբում հանդես է եկել մինչեւ 2011թ.: Այդ մասին գրում է իսպանական El Pais թերթը:

36-ամյա Խուան Կուենկու Լորենտեն ձերբակալվել է մայիսի 27-ին: Նրա հետ միասին ձերբակալել են Ռումինիայի երկու քաղաքացիների` 59-ամյա Վալենտին Իոնին եւ 47-ամյա Կոնստանտին Ստանին, հայտնում է Lenta.ru-ն:

Ոստիկանության փոխանցմամբ, Վիսսերն ու Սեւերինը հանդիպել են ձերբակալվածների հետ Մոլինա-դե-Սեգուրա քաղաքում, վարձած տանը, որ ինչ-ինչ հարցեր քննարկեն:

Ընտանիքի անդամների խոսքով, Վիսսերը Իսպանիա էր եկել բուժօգնություն ստանալու: Նա պատրաստվում էր դիմել կլինիկա, որտեղ արհեստական բեղմնավորման վիրահատություններ են անում:

Հիշեցնենք, որ Վիսսերին ու ուղեկցին վերջին անգամ տեսել էին մայիսի 13-ին Մուրսիա քաղաքի հյուրանոցում, որտեղ համար էին պատվիրել։ Հարազատները զույգի անհետացման մասին ոստիկանությանը հայտնել են միայն մայիսի 15-ին, քանի որ այդ օրը զբոսաշրջիկները պետք է վերադառնային Ամստերդամ։

Ինգրիդ Վիսսերը Հոլանդիայի վոլեյբոլի ազգային հավաքականի անդամ էր։ 2008-09թթ. նա խաղում էր ռուսական «Լենինգրադկա» ակումբում, իսկ  2009- 2011թթ.՝ իպանական Murcia 2005 ակումբում։ Սեւերինը երկար տարիներ Նիդեռլանդների վոլեյբոլի կանանց հավաքականի գլխավոր մենեջեր էր աշխատել։