Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի երկրորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումիի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում մասնակցել է մատուցված կիրակնօրյա պատարագին, մոմ վառել, այնուհետեւ ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքար-հուշակոթողին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, Ս.Սարգսյանը եկեցեցու բակում շփվել է պատարագին մասնակցած Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի ավարտին երկու պետությունների ղեկավարները ամփոփել են այցի արդյունքները: Միխեիլ Սաակաշվիլին գոհունակություն է հայտնել ՀՀ նախագահի հետ Բաթումիում կայացած ոչ պաշտոնական հանդիպման կապակցությամբ եւ նշել. «Մենք պայմանավորվել ենք ինտեգրել մեր տնտեսությունները, ավելի հաճախ շփվել, ավելի մեծ ջանքեր գործադրել մեր ժողովուրդների էլ ավելի մերձեցման ուղղությամբ, չնայած այդ հարաբերություններն ինքնին շատ սերտ են: Ապագայում նման հանդիպումներն ավելի ինտենսիվ բնույթ կունենան` հանուն այն ամենի, ինչ մենք անում ենք մեր ժողովուրդների համար: Մենք փոքր երկրներ ենք եւ անհրաժեշտ ենք մեկս մյուսին: Մենք կախված ենք միմյանցից եւ այդ փոխկախվածությունը պետք է ծառայեցնենք լավ գործեր կատարելուն»:
Սերժ Սարգսյանը, իր հերթին, գոհունակություն հայտնելով իր վրացի գործընկերոջ հետ ունեցած քննարկումներից, նշել է. «Մենք պետք է ավելի սերտորեն աշխատենք, շատ լրջորեն մտածենք ինտեգրացիոն գործընթացների մասին: Ես համոզված եմ, որ այս տարին մեր հարաբերությունների համար կդառնա բեկումնային, չնայած այդ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել ու հիմա էլ դրանք շատ լավ են: Բայց մենք սովոր ենք ոչ թե տեղում կանգնած չմնալ, այլ առաջ գնալ»:
Կիրակի կեսօրին ավարտվել է ՀՀ ղեկավարի երկօրյա մասնավոր այցը հարեւան Վրաստան եւ Սերժ Սարգսյանը վերադարձել է Երեւան:




























