Բոստոնի ահաբեկիչներ Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւների քույրը` 24-ամյա Բելա Ցարնաեւային Նյու Ջերսի նահանգի դատարանը մարիխունայի պահպանման եւ վաճառքի մտադրության մեղադրանք է ներկայացրել։

Fox News հեռուստաալիքը հայտնում է, որ աղջիկը հերքում է մեղադրանքները: Նրա ընկեր Ահմադ Խալիլին եւս նույն մեղադրանքներն են ներկայացվել, վերջինս նույնպես հայտարարել է իր անմեղության մասին:

Անցյալ տարվա դեկտեմբերին ոստիկանները թմրանյութեր էին հայտնաբերել Ցարնաեւայի Նյու Ջերսի նահանգի Ֆերվյու քաղաքում գտնվող բնակարանում: Ըստ Ցարնաեւայի փաստաբան Մարիո Բլենչի` իր պաշտպանյալը ոչ մի կապ չի ունեցել Բոստոնի ահաբեկչության հետ, սակայն դրանից հետո իր հասցեին սպառնալիքներ է սկսել ստանալ, հայտնում է  «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ Ջոհար Ցարնաեւի ծանոթները պնդում էին, որ նրա եկամտի աղբյուրներից մեկը եղել է  մարիխուանայի վաճառքը:

Բոստոնում ապրիլի 15-ին միջազգային մարաթոնի եզրափակչին երկու պայթյուն էր որոտացել: Զոհվել էր երեք մարդ, 264-ը՝ վիրավորվել: Ահաբեկչության կազմակերպման մեղադրանքներ էին ներկայացվել  19-ամյա չեչեն Ջոհար Ցարնաեւին, որը ձերբակալվել էր ապրիլի 19-ին: Պայթյունի գաղափարական ոգեշնչողը Ջոհարի ավագ եղբայր, 26-ամյա Թամերլանն էր, որը զոհվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: