Ընտրողների հետ հանդիպման ժամանակ թքել են Չիլիի նախագահի թեկնածու Միշել Բաչելետի երեսին: Բաչելետն այդ բարձր պաշտոնն արդեն զբաղեցրել էր 2006-2010թթ.:

Հաղորդվում է, որ խուլիգանը սկսել է  Չիլիի ուսանողական շարժումներին աջակցող կոչեր բղավել, սակայն նրան անմիջապես բռնել են ոստիկանները: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում, որտեղ Միշել Բաչելետը մեկնել էր նախընտրական քարոզարշավի շրջանակում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Չիլիիի պատմության մեջ առաջին կին նախագահը, որը մինչ վերջերս գլխավորում էր կանանց գործերով ՄԱԿ-ի ստորաբաժանումը, լքել է իր պաշտոնը ՄԱԿ-ում` նախագահի պաշտոնում իր թեկնածությունը կրկին առաջադրելու նպատակով: Չիլիում նախագահական ընտրությունները նշանակված են այս տարվա նոյեմբերին: