Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Բոլիվար նահանգում աշխատավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է ուժեղացնել իր անվտանգությունը՝ իրեն սպանելու սպառնալիքի հետ կապված: Նա իր դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածում է Վենեսուելայի աջ ուժերին եւ ամերիկյան իմպերիալիստներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշենք, որ սա Մադուրոյի առաջին հայտարարությունը չէ իր դեմ կազմակերպվող մահափորձի մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի սկզբին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալներ Ռոջեր Նորյեգուին եւ Օթթո Ռեյչին մեղադրել էր իր դեմ ուղղված դավադրության մեջ:
«Նրանք պլաններ են գծում, որպեսզի տապալեն ինձ եւ ֆիզիկապես ոչնչացնեն, սակայն չեն կարող հասնել իրենց նպատակին»,-ասել էր Մադուրոն Կարակասի մետրոպոլիտենի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Նորյեգան եւ Ռեյչը Մայամիում, իսկ Ալվարո Ուրիբեն Բոգոտայում աշխատում են իրեն ոչնչացնելու պլանի վրա: «Ուրիբեն մարդասպան է»,-հայտարարել էր Մադուրոն՝ ընդգծելով, որ իր ձեռքի տակ կան բավարար ապացույցներ, որ Կոլումբիայի նախկին նախագահը «գործում է Վենեսուելայի աջ ուժերի հետ»:




























