Մոսկվայում` Սբ. Հարություն եկեղեցու տարածքում կայացել է ծաղկեպսակ դնելու արարողություն` 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը` դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, Ռուսաստանի հայերի միության վարչության անձնակազմը, Մոսկվայի հայ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մոսկվայում բնակվող բազմաթիվ հայեր:
Արարողությանը ելույթ են ունեցել Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Uրբազանը եւ դեսպան Եսայանը, այնուհետեւ Սբ. Հարություն եկեղեցում մատուցվել է Սումգայիթի անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագը:
ՌԴ-ում Հայաստանի դեսպանության եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ կազմակերպվել է նաեւ կլոր սեղան «Սումգայիթյան ջարդերը Ադրբեջանում: Խոջալուի դեպքերի իրական պատկերը: Փաստերը ստի դեմ, անցյալի եւ ներկայի զուգահեռները» խորագրով:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի դեսպանության անձնակազմը, Ռուսաստանի հայերի միության անդամներ, Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, լրատվամիջոցների, հայկական երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:



























