«Վերին Լարս» անցակետի բացումը տնտեսական տեսանկյունից, առաջին հերթին, ձեռնտու է Հայաստանին, դա թույլ կտա մեծացնել արտահանման ծավալները, կրճատել ապրանքների տարանցման ժամանակն ու ծախսերը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով, անցակետի բացումից հետո կկրճատվի բեռների տեղափոխման վրա ծախսվող ժամանակը, այսինքն, մեկ մեքենան կարող է կրկնակի կատարել փոխադրումը, ինչը ահռելի նշանակություն ունի տրանսպորտային պաշարներով աղքատ Հայաստանի համար: Բացի այդ, 25 տոկոսով կամ 1000-1500 դոլարով կրճատվելու են բեռնափոխարդումների ծախսերը: «Պետք է նշեմ, որ „Վերին Լարս“ անցակետում, ինչպես 2006թ. գոևրծում է ակցիզային ապրանքների ներմուծման սահմանափակումը, բայց ես հուսով եմ, որ կարող ենք հայկական կոնյակ, գինի եւ այլ ակցիզային ապրանքներ տեղափոխել»,- հայտնել է Ղազարյանը:

Արսեն Ղազարյանը նշել է նաեւ, որ «Վերին Լարս» անցակետիը բացվել է Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական ղեկավարությունների ջանքերի շնորհիվ, եւ բխում էր հիմնականում Հայաստանի շահերից, քանի որ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ մեծ չէ: