Գազի գնի բարձրացումը բացասաբար կազդի Հայաստանի քիմիական արդյունաբերության, ինչպես նաեւ ցեմենտի արտադրության եւ արտահանման վրա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
«Ես կարծում եմ, որ գազի գնի բարձրացման պատճառները պարզապես չեն դիմանում քննադատությանը։ Ավելին, ես վստահ եմ, որ երկրի ղեկավարությունը եւս կիսում է այդ միտքը»,- հայտարարել է Արսեն Ղազարյանը։ Նա ընդգծել է, որ հետճգնաժամային շրջանում ապրանքների եւ ծառայությունների գների բարձրացման քաղաքականություն չպետք է վարվի։
Նշենք, որ ապրիլի 1-ից Հայաստանի շարքային քաղաքացիների համար գազը կթանկանա 37.5, իսկ տնտեսվարող սուբյեկտների համար՝ 13 տոկոսով։ Սպասվում է նաեւ ջրի սակագնի բարձրացում։




























