Հայ ազգային կոնգրեսը պահանջում է առաջիկա ամռանը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Ընդդիմության կողմնակիցները հանրահավաքում ընդունված հայտարարության մեջ մի շարք պահանջներ են ներկայացրել, որոնք պատրաստվում են մարտի 16-ին հանձնել Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը։
ՀԱԿ-ը, մասնավորապես, պահանջում է մարտ ամսվա ընթացքում միջազգային փորձագետների մասնակցությամբ անկախ հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի 2008 թ. դեպքերը։
ՀԱԿ-ը պահանջել է նաեւ մինչեւ մայիս մրցույթ անցկացնել եւ եթեր վերադարձնել А1+-ը, ինչը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջներին։ Ընդդիմադիրները պահանջել են նաեւ մինչեւ մայիսի վերջ բարեփոխումներ կատարել ընտրական օրենսգրքում, իսկ հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
Ինչպես հայտարարել է Լեւոն Զուրաբյանը, մինչեւ մարտի 16-ը՝ Հայաստանի հարցով ԵԽ Մոնիթորինգային հանձնաժողովի նիստը, ընդդիմությունը նստաշրջան կգումարի, որպեսզի վերոնշյալ պահանջները հանձնի Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ընդգծել է, որ մարտի 1-ին զոհվածների մահվան հանգամանքների բացահայտումը եւ մեղավորներին պատժելը հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում։



























