Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կայանալու է 2010թ. ապրիլի 6-ին: Այդ մասին այսօր՝ մարտի 1-ին կայացած բազմահազարանոց հանրահավաքի վերջում հայտարարել է ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ ապրիլի 6-ը պատահաբար չի ընտրված, քանի որ այդ օրը Երեւանում մեկնարկելու է մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ կոնգրեսը, որին մասնակցելու են մի քանի հարյուր իրավապաշտպաններ աշխարհի տասնյակ երկրներից:
Իսկ այսօրվա հանրահավաքը եզրափակվել է երթով: Բազմությունը «Ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն-նախագահ» վանկարկումներով Մաշտոցի պողոտայով շարժվել է դեպի Ձկան խանութի մոտ: Այստեղ հավաքվածները դադարեցրին վանկարկումները եւ լուռ մոտեցան Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ ծաղիկներ դրեցին՝ ի հիշատակ 2008թ. մարտի 1-ի զոհերի: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ընդդիմության մյուս առաջնորդները հուշարձանի պատվանդանին ծաղկեպսակ դրեցին:
Նշենք, որ երթն ուղեկցում էին մեծաթիվ ոստիկաններ, որոնք, սակայն, ընդհարման մեջ չմտան բազմության հետ, այլ պարզապես պահպանում էին հասարակական կարգը:



























