Մանկական երկաթուղում շարունակվում է NEWS.am-ի  նախաձեռնած բարեգործական միջոցառումը, որի շրջանակներում հայտնի անձինք պաղպաղակ են վաճառում (ֆոտոռեպորտաժ): ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով եւս պաղպաղակ վաճառողների շարքում էր, NEWS.am-ի   թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեծ սիրով է համաձայնել մասնակցել այս ակցիային, քանի որ այն բարեգործական է եւ ողջ հասույթը տրամադրվելու է  երեխաներին:

«Այն ամենը ինչ կապված է երեխաների հետ, ենթադրում է  երկրի զարգացումը: Շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար»,- նշեց Նաիրա Կարապետյանը: Հարցին, թե իրեն կպատկերացնե՞ր պաղպաղակ վաճառողի դերում, նա պատասխանեց, որ շատ դերեր կան, որոնցում իրեն չէր պատկերացնի, բայց փաստորեն կյանքը բերում եւ հասցնում է դրան:

Նա նշեց, որ պաղպաղակ վաճառելը շատ ուրախ եւ հաճելի զբաղմունք է, քանի որ երեխաների աչքերի մեջ ժպիտ եւ ուրախություն է  տեսնում: Նաիրա Կարապետյանը կարծում է, որ իր մոտ շատ լավ ստացվեց պաղպաղակ վաճառելը, քանի որ ամենամեծ հասույթը հենց իրենց մոտ է: «Մենք գովում ենք մեր պաղպաղակը, ժպտում ենք, շատերին հյուրասիրում ենք մեր հաշվին: Ամենաշատը մեզ մոտ է վաճառվել: Եթե ժամանակ գտնեմ մեծ սիրով կվաճառեմ պաղպաղակ, բայց ես պատգամավոր եմ եւ իրավունք չունեմ զբաղվել շահույթ հետապնդող գործունեությամբ: Առավելագույնը պետք է ստեղծագործական, դասախոսական գործունեությամբ զբաղվեմ»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Նաիրա Կարապետյանի սեղանիկի հարեւանությամբ գտնվում են ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի եւ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի  սեղանիկները: Նրանք էլ են ջանասիրաբար պաղպաղակ վաճառում: Կիրո Մանոյանը NEWS.am-ի   թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս գործում ամենակարեւորը չկոմպլեքսավորվելն է: Նա բարձր է գնահատում նման ակցիաները եւ նշում, որ այս ակցիաների միջոցով կարող ենք բարձրաձայնել երեխաների խնդիրները:

«Ինձ դիմեց NEWS.am-ը եւ ես սիրով համաձայնեցի: Իհարկե, այս ակցիայով բոլոր խնդիրները չենք լուծի, բայց այս դրական մթնոլորտը, որն առկա է, շատ մեծ ազդեցություն ունի եւ կբարձրաձայնի երեխաների խնդիրները»,- ասաց ՀՅԴ-ի ներկայացուցիչը: Կիրո Մանոյանը իրեն եւս չէր պատկերացնի պաղպաղակ վաճառողի դերում, բայց կարծում է, որ իր մոտ պաղպաղակ վաճառելը շատ լավ է ստացվում: «Մարդիկ մոտենում են, գնում են, ըմբռնումով են մոտենում եւ հաճախ վճարում են ավելին»,-ասաց նա:

Նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ ինքը եւս չգիտեր, որ այդքան հաջողակ կլինի այդ գործում: Ավելին` կարծում է գաղտնիքը սրտանց գործելու մեջ է: «Բիզնեսն իմը չէ, բայց բարեգործությունը իմն է»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: Նրա կարծիքով, պաղպաղակը լավ վաճառելու համար անհրաժեշտ է պարզապես մեծ ցանկություն ու նաեւ պետք է կոմպլեքսներից ազատվել: «Պետք է հրավիրես, կանչես, ապացուցես, որ քո պաղպաղակը ավելի լավն է»,- խորհուրդ տվեց Լարիսա  Ալավերդյանը:

Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը եւս այսօր պաղպաղակ էր վաճառում: Երգչուհին խոստովանեց, որ սկզբում այդքան էլ լավ չէր ստացվում, բայց հետո դերասան Ռաֆոն միացել է իրեն եւ նրանք հաջողությամբ են պսակել գործը: Նա եւս ուրախ է մասնակցել բարեգործական միջոցառումներին եւ իր լուման ներդնել երեխաներին օգնելու գործում: «Եթե մասնագիտությունս փոխեմ պաղպաղակի վաճառքով կկարողանամ զբաղվել: Լավ է ստացվում: Շատ պաղպաղակ վաճառելու համար էլ կարծում է  պաղպաղակի լավ փիառ պետք է անել: Շոգը եւս նպաստում է, որ պաղպաղակը լավ վաճառվի: Օգնում է նաեւ հայտնի լինելը, քանի որ շատ երեխաներ մոտենում նկարվում են  ու պաղպաղակ գնում»,- պարզաբանեց Մարինա Հովհաննիսյանը եւ կարծիք հայտնեց, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների մոտ ավելի լավ է ստացվում պաղպաղակ վաճառելը, քան քաղաքական գործիչների մոտ: «Օրինակ Գնելի («Ածանոթը» սերիալի դերասաններից է) մոտից շատ էին գնում: Ես նկատեցի, որ մեր ազգը շատ է սերիալ դիտում»,- ավելացրեց երգչուհին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am