«Պաղպաղակ, համով պաղպաղակ ,եկեք առեք պաղպաղակ»,-այս բացականչություններով 6-ամյա Լիլիթ Թոխատյանը հայրիկի` դերասան Հրանտ Թոխատյանի եւ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ պաղպաղակ էր վաճառում (ֆոտոռեպորտաժ): Մանկական երկաթուղու հարակից տարածքում շարունակվում է NEWS.am-ի նախաձեռնած բարեգործական ակցիան, որից գոյացած հասույթը տրամադրվելու է Քարվաճառի շրջանի անապահով ընտանիքների երեխաներին:
Հրանտ Թոխատյանը նայում է դստերն ու ասում. «Առեւտրականի ձիրք ունի, սաղ մամայից է»: Հրանտ Թոխատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր դուստրը հայրիկի պես գեղեցիկ է եւ մայրիկի պես խելացի: 6-ամյա Լիլիթը հայրիկին ասել է, որ ինքը պաղպաղակ կվաճառի, իսկ հայրիկը կլուսանկարվի եւ այդպես էլ անում են: Անցորդներն էլ իրենց հերթին անտարբեր չեն անցնում. երեխաները, մեծահասակները մոտենում են Հրանտ Թոխատյանին, լուսանկարվում նրա հետ, իսկ նրա դստեր բացականչությունները ստիպում են անցորդներին գնել պաղպաղակ:
Հրանտ Թոխատյանը նշեց, որ հնարավոր չէր չհամաձայնել եւ չմասնակցել այս ակցիային: «Այն ինչ այսօր փորձում ենք անել, պետք է լինի ամեն օր: Այստեղ համաձայնել-չհամաձայնելու կամ ժամանակի հարց չկա: Այսօր ընդհանրապես պետք է հանգստյան օր լինի, ոչ թե՝ աշխատանքային: Եթե մենք կարողանանք ամբողջ տարին դարձնել մանուկների տարի, մեր երկիրը կդառնա երկիր` մենք էլ կդառնանք մարդ, իսկ մեր քաղաքը կգեղեցկանա»,- կարծիք հայտնեց Հրանտ Թոխատյանը:
Նա նշեց, որ մանուկ հասակում երազում էր դառնալ ծաղրածու եւ դարձավ, նաեւ բավականին չարաճճի է եղել, սակայն երբեք ծնողներն իր վրա ձեռք չեն բարձրացրել: «Ես փորձում եմ իմ երեխաների համար լինել գոնե կեսի-կեսի չափ ծնող, իսկ խստությունը պետք է ունենա հասցե: Ոչ ավագ որդիներս, ոչ Լիլիթը չեն տվել նման խստության առիթ»,- ավելացրեց սիրված դերասանը: «Այս միջոցառումը շատ կարեւոր է Լիլիթիկի համար, քանի որ նա զբաղվում է իր հասակակիցներին օգնելով: Բարեգոոծությունը, գթասրտությունը պետք է մանուկ հասակից սերմանել: Վաղը մյուս օրը Լիլիթը, երբ մեծացավ, չի կարող գթասիրտ կամ բարեգործ չլինել»,- ավելացրեց Հրանտ Թոխատյանը: Լիլիթից հետաքրքրվեցինք, թե նա ինչ է երազում դառնալ, ինչին նա պատասխանեց, որ կդառնա դերասանուհի, երգչուհի, պարուհի, մոդել, դիզայներ:
Ինչպես նշել էինք, Հրանտ Թոխատյանի եւ Լիլիթի հետ պաղպաղակ էր վաճառում նաեւ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նշեց, որ իրենց գործը հեշտացել է, քանի որ Լիլիթը չի թողնում որեւէ բան անել, հոգում է ամբողջ առեւտուրը եւ իրենց մնում է միայն միանալ: Կարինե Աճեմյանն էլ հիշեց իր մանկության պաղպաղակները, որոնք բավականին համեղ էին:
Այստեղ է գտնվում նաեւ երգչուհի Քրիստինե Պեպելյանը, երգչուհի, դերասանուհի Անի Երանյանը, ով եւս հաջողությամբ պաղպաղակ է վաճառում: Անի Երանյանը պատրաստակամություն է հայտնել ամեն տարի այս օրը պաղպաղակ վաճառել հասուն երեխաների: Նա փաստում է, որ իր մոտ պաղպաղակ վաճառելը հաջողվում է, քանի որ լավ նպատակ է հետապնդում: Իհարկե, կա նաեւ հայտնի լինելու հանգամանքը: Անի Երանյանը նշեց, որ մանուկ հասակում ինչ երազել է դարձել է: «Այն ժամանակ շատ խելոք երեխա էի` հիմա տեղը հանում եմ»,- ավելացրեց դերասանուհին:




























