Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանավորված է նրանով, թե որքանով կարող են թուրքական իշխանությունները հակազդել Ադրբեջանի հետ կապված քաղաքական գործընթացներին: NEWS.am-ին այս մասին ասաց «Այլընտրանք»  վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով թուրքական կողմից դեպի Հայաստան տանող երկաթգծի վերակառուցմանը եւ այդ երկաթգծի հնարավոր վերաբացմանը:

Նրա խոսքով, եթե Թուրքիան կարողանա ազատվել ադրբեջանական գործոնից  եւ ուղիղ շփում հաստատի Հայաստանի հետ գործարար ոլորտում, ինչը, բնականաբար, փոխշահավետ է, այս դեպքում հայ-թուրքական սահմանի բացումը բավական իրատեսական կլիներ: «Չի բացառվում նաեւ, որ կարող են լինել լուրջ դժվարություններ եւ խոչընդոտներ, սակայն ինքնին միտումը միանգամայն դրական է»,-նշեց Թաթուլ Մանասերյանը` ընդգծելով, որ, անկասկած, դա կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար:

Նշենք, որ թուրքական իշխանությունները վերանորոգում են դեպի Հայաստան տանող 112-կիլոմետրանոց երկաթգիծը: