Թուրքիայի ներքին երկաթուղային ցանցի վերանորոգումը կապված չէ հայ-թուրքական երկաթուղու  վերաբացման հետ եւ պայմանավորված է բացառապես ներքին ցանցի արդիականացման որոշման հետ: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը: Նրա տեղեկացմամբ՝ Թուրքիայի գործող երկաթուղային ցանցը ընդգրկում է երկրի Արեւմտյան նահանգների բնակավայրերը` ընդհուպ մինչեւ Դոգու Կապի կայարանը, որը գտնվում է հայկական Ախուրյան կայարանի հանդիպակած սահմանամերձ տարածքում: Փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղային  ուղիղ հաղորդակցության վերագործարկման վերաբերյալ քաղաքական որոշման կայացման դեպքում՝ հայկական կողմը կարճ ժամկետում պատրաստ է վերականգնելու երկաթուղու Ախուրյան կայարանի նախկինում գործող ենթակառուցվածքները։

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամլո խոսնակ Վահե Դավթյանը NEWS.am-ին ասաց, որ այս պահի դրությամբ Հայաստան-Թուրքիա երկաթուղու հայկական հատվածում տեխնիկական աշխատանքներ չեն կատարվում: 2008-9 թ.թ. այդպիսի աշխատանքներ կատարվել են, քաղաքական որոշման դեպքում 2-3 օրվա ընթացքում պատրաստ են վերաբացել երկաթուղին; Դրա համար անհրաժեշտ են միայն որոշակի ընթացիկ աշխատանքներ; Նրա տեղեկացմամբ՝ 1993 թ. երկաթուղին փակվել է, ու փակվելու պահին գտնվում էր նորմալ վիճակում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ թուրքական իշխանությունները վերանորոգում են դեպի Հայաստանի սահման ձգվող 112 կմ երկաթուղու հատվածը: