Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը խոստանում է կազմակերպել կարկուտից վնասված բերքի մթերումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն՝ արձագանքելով Արարատի բնակչության այն մտահոգություններին, թե կարկուտից վնասված բերքը չեն կարող մթերել:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ինչպես Արմավիրի մարզում եւ մյուս մարզերում եղել են կարկտահարության դեպքեր: Մարզպետի խոսքով՝ մայիսի 12-ին Արարատի մարզի 48 հակակարկտային կայաններն աշխատել են: «Բոլորը կրակել են: 9 հազար 700-ից ավելի կրակոցներ են եղել: Կարկտային պրոցեսներ կային, բայց հակակարկտային կայանների շնորհիվ մենք կարողացել ենք մեղմացնել վնասը: Այսինքն` կարկուտը եկել է անձրեւի տեսքով, ինչի արդյունքում կարկուտը քանակային առումով վնաս չի պատճառել, սակայն որակական առումով բավականին վնաս է պատճառել: Օրինակ, ծիրանը եւ մյուս մրգերը արտաքինից մեխանիկական վնաս են կրել, որի հետեւանքով այդ մրգերը ստիպված պետք է ինքնարժեքից ցածր գնով վաճառեն, քանի որ ապրանքային տեսքն ու որակն ընկել է»,- ասաց Արարատի մարզպետը եւ ավելացրեց, որ հիմնականում տուժել են 7 գյուղեր եւ ելակի ցանքատարածքները:
Նա միաժամանակ նշեց, որ միջոցառումներ է իրականացնում, որ կարկուտից տուժած բերքի մթերումը կազմակերպի: «Պարտադիր փորձելու եմ, որ վնասված բերքը մթերեն: Դա կլինի ծիրան, խնձոր, տանձ եւ այլ տեսակի մրգեր»,- խոստացավ մարզպետը: Հարցին, թե ինչը այգիներ ունի Արարատում, որոնք տեղումներից եւս տուժել են, նա արձագանքեց. «Ընդհանարապես այս տարածքում սեփական որեւէ բան չունեմ, ոչ մի մետր հող ունեմ, ոչ այգի, ոչ էլ որեւէ մի կրպակ: Երեւանում մեր ընտանիքն ընդամենը մեկ ռեստորանային համալիր ունի»,- ընդգծեց մարզպետը:




























