Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այստեղ եմ որպես Սամվել Կարապետյանի եղբայր։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, «Ուժեղ Հայաստան. Կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տան բակում լրագրողների հետ զրույցում նշեց նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, ով ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանի հայրն է։
Նա հավելեց, որ այս պահին իրենց տանը ևս խուսարկություններ են կատարվում։
«Առավոտյան 8.15–ի սահմաններում մեր տուն մտան։ Ես որևէ բանից տեղյակ չեմ, այնտեղ որպես հայր էի, այստեղ էլ որպես եղբայր եմ»,–ասաց նա։
Հարցին՝ ինչ–որ բան առգրավե՞լ են, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Դժվար, այնտեղ ի՞նչ կա, որ ինչ առգրավեն»։
Նա հավելեց, որ այս տարի արդեն 3-րդ անգամն են խուզարկում Սամվել Կարապետյանի տունը, 4-րդ անգամ` Նարեկ Կարապետյանի բնակարանը։ Նրա խոսքով՝ Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է, ուրիշ բան չեն գտել, երեխաների համակարգիչներն են առգրավվել:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։





























