Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է։ Այդ մասին NEWS.am—ին հայտնում են Մայր Աթոռից։

Ի խորոց սրտի շնորհավորում ենք Վեհափառ Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, անսասանություն ու անսպառ եռանդ հովվապետական սրբազան առաքելության մեջ։

Այսօր, երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս՝ ամուր մնալու մեր հավատքի մեջ, համախմբվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ և անաղարտ պահելու քրիստոնեական այն արժեքները, որոնցով մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ կրթել ու դաստիարակել է իր զավակներին։

Աղոթում ենք առ Աստված, որ Ամենակալ Տերը Հայոց Հայրապետին մշտապես պահի Իր բարեզարդ շնորհների մեջ, որպեսզի դեռ երկար տարիներ, իբրև քաջ և բարի հովիվ, առաջնորդի մեր հավատավոր ժողովրդին Տիրոջ ճանապարհով՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն հայրենի մեր երկրի։