Երեւանի մանկական երկաթուղում, այսօր` հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը, ժամը 18-ին ավարտվեց «Գնիր պաղպաղակ, օգնիր երեխաներին» բարեգործական ակցիան, որը նախաձեռնել էր NEWS.am լրատվական վերլուծական գործակալությունը: Սառնարանը փակվելուց հետո «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի ներկայությամբ հաշվվեց ամբողջ գումարը եւ պարզվեց, որ 6 ժամվա ընթացքում պաղպաղակի վաճառքից հավաքվել է ուղիղ 500 հազար դրամ գումար: (ֆոտոռեպորտաժ)

Ակցիային իրենց մասնակցությունն ունեցան շոու-բիզնեսի ներկայացուցիչներ եւ քաղաքական գործիչներ: Մասնավորապես ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը եւ Կարինե Աճեմյանը, «Ժառանգություն» կուսակցությունից՝ Անահիտ Բախշյանը եւ Դավիթ Սանասարյանը, ՀՅԴ Հայ Դատի քաղաքական հարցերի գրասենյակի հանձնակար Կիրո Մանոյանը, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Օրվա ընթացքում ակցիային այցելեցին նաեւ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը եւ Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ակցիային մասնակցեցին Անի Երանյանը, Սյուզի Մելիքյանը, Ջուսը, Քրիստինե Պեպելյանը «The boys» խմբի անդամները, հեռուստահաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը: Շատ ակտիվ էին դերասաններ Հրանտ Թոխատյանը, Ռաֆոն  եւ Գնել Սարգսյանը («Անծանոթը» սերիալից):

Ինչպես նշեց ակցիան նախաձեռնող NEWS.am գործակալության համակարգող Արտակ Եղիազարյանը, ակցիան հաջողված էր եւ իրենց սպասվածից ավելին: «Թե պաղպաղակ վաճառողներից, թե գնորդներից նման բարձր ակտիվություն չէինք ակնկալում եւ մեր սպասելիքները գերազանցեցին»,-ավելացրեց նա:

Նշենք, որ ակցիային արձագանքել են «Բոնիլաթ», «Աշտարակ կաթ» եւ «Թամարա» ընկերությունները մեծ պատրաստակամությամբ տրամադրելով պաղպաղակները, որն էլ վաճառվեց: