Թուրքիա-Սիրիա հակամարտության մեջ փոփոխություններ են տեղի ունենում: Այս անգամ Սիրիայի նախագահին է հնարավորություն ընձեռնվել Էրդողանին մեղադրել սեփական ժողովրդին ջարդելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը` վկայակոչելով The New York Times պարբերականին, Սիրիական հեռուստաալիքներով պարբերաբար ցուցադրվում են Թուրքիայում ոստիկանության բիրտ գործողությունները ցուցարարների դեմ:

Նշվում է նաեւ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոսնակը համարվող Սիրիայի ինֆորմացիոն նախարար Օրման Զոաբին հայտարարել է, թե թուրք ժողովուրդն արժանի չէ նման բռնության: «Եթե Էրդողանը չի կարողանում առանց բռնության քաղաքականություն իրականացնի, պետք է հրաժարական տա»,-ասել է սիրիացի նախարարը:

Նշենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու եւ ճանապարհ դարձնելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների: