Սիրիայի ԱԳՆ-ը քաղաքացիներին հորդորել է անվտանգության նկատառումներից ելնելով չայցելել Թուրքիա, քանի որ Թուրքիայի մի շարք քաղաքներում իրավիճակն անվտանգ չէ:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը` վկայակոչելով սիրիական SANA-ին, Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է, որ Սիրիայի քաղաքացիների անվտանգության համար այս ժամանակաշրջանում խորհուրդ է տրվում խուսափել Թուրքիա այցելելուց, քանի որ Թուրքիայի մի շարք քաղաքներում անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, իսկ Էրդողանի իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ ուժ են կիրառում:

Նշենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու եւ ճանապարհ դարձնելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների: