Բոսթոնի ահաբեկչության տուժածներից վերջինը ՝ Էրիկա Բրենոքը,  դուրս է գրվել հիվանդանոցից: Բերիմորի մանկապարտեզի  29-ամյա դաստիարակչուհին մարաթոնի եզրափակչին եկել էր մորը աջակցելու համար:

Պայթյունի հետեւանքով նա բազմաթիվ վնասվածքներ էր ստացել եւ լսողության մասնակի կորուստ: Բժիշկները ստիպված էին եղել անդամահատել նրա ձախ ոտքը:

Այրվածքներ ու վնասվածքներ էր ստացել նաեւ Էրիկայի քույրը:

Տուժածի խոսքով՝ իրեն փրկել է մի անծանոթուհի՝ օգնելով հեռանալ պայթյունի վայրից, եւ մնացել է կողքին՝ մինչեւ որ իրեն հիվանդանոց են տեղափոխել:

Թեեւ երիտասարդ կինն առայժմ ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, լավատեսությունը չի կորցնում, հույս ունի աշնանը վերադառնալ սաների մոտ, գրում է NEWSru.com-ը:

Բոսթոնի կենտրոնում ապրիլի 15-ին երկու պայթյուն էր որոտացել, երեք մարդ զոհվել, 260-ը վիրավորվել էին, նրանցից  14-ի վերջույթներն անդամահատել էին: Ամերիկյան իշխանությունների համոզմամբ՝ ահաբակչության կազմակերպիչները Ցարնաեւ եղբայրներն էին՝ 26-ամյա Թամերլանն ու 19-ամյա Ջոհարը:

Ահաբեկչությունից մի քանի օր անց Թամերլանը զոհվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում, Ջոհարը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այժմ բանտի բժշկական կենտրոնում է գտնվում: