Գերմանիայի դաշնային հողերից մեկի օրենսդրության մեջ կատարված փոփոխության արդյունքում, գերմաներենը զրկվել է 63 տառից բաղկացած իր ամենաերկար բառից: Այս մասին հայտնում է Spiegel Online-ը:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովստին»՝ Մեկլեբուրգի հողերի խորհրդարանը չեղյալ է հայտարարել 63 տառից բաղկացած անվանում ունեցող «տավարի մսի պիտակի վերահսկողության պարտավորությունների փոխանցման մասին» տեղական օրենքը, որն ընդունվել էր 14 տարի առաջ կովի կատաղություն կոչվող հիվանդության տարածումը կանխելու նպատակով:

Անկախ այն բանից, որ բառը պաշտոնապես ընդունվում էր լեզվաբանների կողմից, այն այդպես էլ բառարաններում չի գրանցվել:

Այս պահին Duden բառարանում գրանցված ամենաերկար բառն է 36 տառից բաղկացած Kraftfahrzeughaftpflichtversicherung բառը, որը թարգմանվում է որպես «տրանսպորտային միջոցների սեփականատերերի պատասխանատվության պարտադիր ապահովագրություն»: