Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Ստարչեւիչը (նստավայրը՝ Աթենք):

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են,թ ե Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ մաղթել հաջողություններ՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-խորվաթական փոխգործակցության շուրջ քսանամյա պատմությանը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, եւ կա երկկողմանի շահագրգռվածություն՝ այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելու եւ բազմաբնույթ դարձնելու:

Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են երկու բարեկամ երկրների համագործակցությունը նաեւ միջազգային կառույցների շրջանակներում:

Դեսպան Ստարչեւիչը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ-խորվաթական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: