Ուկրաինայի հայերի միությունը դարձել է առաջին ուկրաինական հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկվել է Եվրոպական միության թափանցիկության ռեեստրում: Այս մասին գրում է Аnalitika.at.ua ուկրաինական պորտալը:

Մայիսի 28-29-ին Բրյուսել կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները՝ միության նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, մասնակցել են մի շարք կարեւոր միջոցառումների, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների եւ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ: Եվրախորհրդարանում հավատարմագրում ստանալով` միության անդամներն այցելել են ԵՄ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, ինչպես նաեւ մասնակցել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող կոնֆերանսին:

Միության նախագահ Վ. Շատվորյանը, ով նաեւ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր է, ուկրաինական պատվիրակության կազմում մասնակցել է «Եվրանեստի» խորհրդարանական ասամբլեայի 3-րդ լիագումար նիստին, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ անվտանգությանը, մշակույթին, ինչպես նաեւ մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Նշենք, որ «Եվրանեստի» հաջորդ պլենար նիստը տեղի է ունենալու 2014թ Երեւանում: