Ինչպես շատ հայ  գործարարներ, այնպես էլ նրանց թուրք գործընկերները հանդես են գալիս հօգուտ  երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման, մասնավորապես` արտաքին առեւտրի ոլորտում:

Սակայն Թուրքիայի կառավարությունն առաջնորդվում է  ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նկատառումներով` Հայաստանի առջեւ անիրականանալի պայմաններ դնելով: Այնպես որ,  հարեւանը չի փոխի իր փակուղի տանող մոտեցումը, եւ արտաքին առեւտրային հարաբերություններում կարգավորում չի կանխատեսվում:

Այս տարի Թուրքիայի հետ երրորդ երկրի միջոցով իրականացվող առեւտրում դիսբալանսը կազմել է 212,6 մլն դոլար, իսկ արտահանման եւ ներմուծման միջեւ տարբերությունը` 230 անգամ: Ինչ հարաբերակցության մասին է հնարավոր խոսել, եթե այդ երկիր հայկական ապրանքների արտահանման  տարեկան ծավալը չի հասել անգամ մեկ մլն դոլարի:

Չի բացառվում, որ «ազատ» առեւտրի դեպքում, Թուրքիայի հետ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն ավելի մեծանա, իսկ արտահանումը մնա նախկին մակարդակի վրա: Քանի որ թուրք գործարարները մեզնից գնում են ոչ թե պատրաստի ապրանք, այլ հումք:

Նշենք, որ անցյալ տարվա տվյալներով Հայաստանից Թուրքիա ընդամենը 55 ապրանքային խմբի արտահանում է  իրականացվել, մինչդեռ այդ երկրից ներմուծման ցուցանիշն անհամեմատ մեծ է` 500 –ից ավելի:

Ընդ որում արտահանման «ռեկորդը» պատկանում է ...խոշոր եղջրավոր անասունների չվերամշակված կաշվին`105,5 հազար հատ` գրեթե 0,6 մլն դոլար ծավալով: Դրանք հետո վերամշակվում են եւ կաշվե հագուստի տեսքով ներմուծվում այդ թվում Հայաստանբ:

Թուրքիայից ներմուծվող արտադրանքի մեջ գերական սակայն հագուստը չէ, այլ  սովորական փայտե երեսպատման սալիկները (ДСП), որի ներմուծման ծավալը  անցած տարի կազմել է 10,8 մլն դոլար:  Երկրորդ տեղում են «պլաստմասե մոնոթելերը»` 8,6 մլն դոլար, իսկ երրորդ տեղում`  լվացող եւ մաքրող միջոցները` 8,2 մլն դոլար ծավալով:

Ուշադրություն է գրավում նաեւ Թուրքիայից այնպիսի ապրանքների ներմուծումը, ինչպես ալյումինե պրոֆիլները`4,6 մլն դոլար,  մեկուսացման լարերը`3,5 մլն դոլար:

Թեթեւ արդյունաբերության, ոչ մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում բաց թողնված հնարավորությունների մասին քիչ չի խոսվել, մնում է միայն հուսալ, որ ապագայում կլրացնենք այդ բացը:

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին թուրքական  արտադրանքի ներմուծման ծավալը Հայաստան կազմում է  56,5 մլն դոլարից ավելի, իսկ արտահանումն այդ երկիր` 0,8  մլն: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են...

Ալբերտ Խաչատրյան