Ռուսաստանն ու ԵՄ-ն ըմբռնում են առավելագույն կարճ ժամկետներում Հիմնարար նոր համաձայնության ստեղծման գորընթացն ավարտելու անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի լիագումար նիստում:
ՌԴ նախագահի խոսքով, ռուս-եվրոպական երկխոսության օրակարգում կան նաեւ էներգետիկայի խնդիրները: «Մենք որոշակի հարցեր ունենք, հարցեր, որոնց շուրջ մենք հաճախ վիճում ենք: Այդ հարցերից մեկը էներգետիկան է»,- ասել է Պուտինը:
Պուտինը ռուս-եվրոպական գործընկերության զարգացման հույս ունի` հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Նա նկատել է, թե ռուսական կողմը պարբերաբար տեղեկացնում է Մաքսային միությանն ու Միացյալ տնտեսական տարածքին վերաբերող հարցերի մասին: «Հույս ունենք, որ Եվրահանձնաժողովը սերտ կապեր կհաստատի Էվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ»,- ասել է Պուտինը եւ հավելել, թե ԵՄ-ն եւ Եվրասիական ինտեգրացիոն միավորումները կառուցվում են նման սկզբունքների վրա եւ լիովին համատեղելի են, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

























