Իտալացի հայրիկը երեք տարեկան Լուկային մոռացել է մեքենայի մեջ: Նա մահամերձ վիճակում  հայտնաբերվել է հունիսի 4-ի երեկոյան` Պյաչենցի քաղաքում կայանված մեքենայում:

Դեպքի վայր ժամանած բժիշկները փորձել են վերակենդանացնել մահամերձ երեխային: Լուկայի մահվան պատճառ է դարձել ողջ օրը շոգին մնացած մեքենայի բարձր ջերմաստիճանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանները հարցաքննել են երեխայի 39-ամյա հորը` Անդրեա Ալբանզեին, որը  խոհարար է Պյաչենցիի ռեստորաններից մեկում: Պարզվել է, որ առավոտյան նա քնած որդուն թողել էր մեքենայի մեջ: Տղամարդը Լուկային պետք է մանկապարտեզ տաներ, սակայն ճանապարհին մոռացել էր այդ մասին եւ միանգամից ռեստորան գնացել:  Աշխատանքի ընթացքում նա նույնիսկ չէր էլ հիշել, որ մեքենայում է մնացել իր միակ որդին:

Ապենիններում սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Երկու տարի առաջ Անկոն քաղաքի համալսարանի 45-ամյա դոցենտն իր մեքենայում մոռացել էր երկամյա դստերը, որը նույնպես վախճանվել էր շոգից: