Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում սպանդ կազմակերպած Ջեյմս Հոլմսի փաստաբանները նրան անմեղսունակության համար անմեղ ճանաչելու միջնորդություն են ներկայացրել դատարան:

Մի քանի ամսում հոգեբուժարանի բժիշկները, որտեղ գտնվում է 25-ամյա Հոլմսը, պետք է որոշեն՝ արդյոք հանցանքի պահին նա մեղսունակ է եղել, թե ոչ:

Եթե անգամ Հոլմսը անմեղսունակ ճանաչվի, նրա մեղավորության հարցը կքննարկեն ատենակալները: Եթե Հոլմսն անմեղ ճանաչվի, կուղարկվի հոգեբուժարան: Իսկ եթե ատենակալների հանձնաժողովը վերջինիս մեղավոր ճանաչի, նրան մահապատիժ կամ ցմահ բանտարկություն կսպառնա:

Հիշեցնենք, «Կոլորադյան հրաձիգը», որի գործողությունների հետեւանքով 12 մարդ զոհվել, 70-ը վիրավորվել էին, մեղադրվում է 166 կետերով: