Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով  հունիսի 4-ին սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Առաջին հանդիպումը Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ էր:

Լատվիայի Սաեյմայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին  իր հրավերը ընդունելու եւ Լատվիա այցելելու համար: Աբոլտինան բարձր է գնահատել երկու երկրների միջեւ ձեւավորված քաղաքական հարաբերությունները: Նա անհրաժեշտ է համարել  միջխորհրդարանական համագործակցության հետագա  զարգացումը եւ խորացումը` համոզմունք հայտնելով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը:  Լատվիայի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ խորհրդարանների միջեւ գործակցության խորացմանը նպաստում են  բարեկամության  խմբերը եւ ուրախությամբ տեղեկացրեց, որ Հայաստանի ԱԺ հետ բարեկամության խումբը ամենամեծաթիվներից է. այնտեղ ընդգրկված են 34 պատգամավորներ: Նա բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման տեմպերը եւ  պատրաստակամություն է հայտնել փոխանցելու եվրաինտեգրման գործընթացում լատվիական փորձը: Սոլվիտա Աբոլտինան կարեւոր է համարել նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացումը` նշելով, որ այս ոլորտում չօգտագործված հնարավորություններ կան:  Սաեյմայի նախագահը կարեւորել է համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում, փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ երկու  երկրների  բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա:  Միջպետական հարաբերությունների խորացման առումով` Հովիկ Աբրահամյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստել է, որ վերջին շրջանում հայ-լատվիական քաղաքական օրակարգը բավական հագեցած է եղել, ինչը միանշանակ վկայում է հարաբերությունները Էլ ավելի զարգացնելու երկուստեք ցանկությունը:

Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` միջպետական հարաբերությունները խորացնելու գործում  կարեւոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:  Նա նշել է, որ  Ազգային ժողովում  գործում է  Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամական խումբը, որի արդյունավետ  աշխատանքը խթանում է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Եվրամիության հետ համագործակցության խորացմանը եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական հագեցած են: Խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսի գագաթաժողովում նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

«Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Արեւելյան գործընկերությանը եւ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին, որը կարեւոր հանգրվան պետք է հանդիսանա ԵՄ-Արեւելյան գործընկերներ փոխհարաբերությունների հետագա խորացման համար: Մայիսի 16-ից Հայաստանը ստանձնեց  նախագահությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում: Սա  մեծ պատասխանատվություն է եւ, միաժամանակ, հնարավորություն մեր սեփական ներդրումն ունենալ կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Այսօր, երբ Լատվիան  արդեն իսկ սկսել է նախապատրաստվել 2015թ. ԵՄ նախագահության ստանձնմանը, ուզում եմ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը եւ ցանկությունը ակտիվորեն ներգրավվելու Արեւելյան գործընկերության օրակարգի ձեւավորման գործընթացում»,-ասել է նա:

Առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու առումով կողմերը կարեւորել են հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը եւ Ռիգայում հունիսի վերջին կայանալիք հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին: Զրուցակիցները հանոզմունք են հայտնել, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցային ճանապարհով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ 2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է եւ հույս է հայտնել, որ Լատվիան, ինչպես աշխարհի երկու տասնյակից ավել երկրներ, կճանաչի եւ կդատապարտի ոչ միայն հայերի, այլ ողջ մարդկության դեմ իրագործված այդ ոճրագործությունը:

Հովիկ Աբրահամյանը տիկին Աբոլտոնիային պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան.հրավերը սիրով ընդունվել է:

Հանդիպումից  հետո Հովիկ Աբրահամյանը եւ Սոլվիտա Աբոլտինան լրատվամիջոցների համար  հանդես են եկել հայտարարությամբ:

ԱԺ նախագահը Սաեյմայի նախագահի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լատվիայի խորհրդարանի շենքում:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները այցելել են  Ազատության հուշահամալիր,  որը հանդիսանում է Լատվիայի անկախության խորհրդանիշը:  Հուշակոթողի մոտ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ տեղի ունեցավ  հանդիսավոր արարողություն, հնչել են երկու պետությունների օրհներգերը:

 Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի հետ: ԱԺ նախագահը շնորհավորել է  Ռիգայի քաղաքապետին վերընտրվելու կապակցությամբ եւ դրական գնահատեց Երեւանի եւ Ռիգայի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը` հայ-լատվիական հարաբերությունների զարգացման եւ խորացման համատեքստում: Նա գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացման միտումներ են արձանագրվում: Ռիգայի քաղաքապետը ներկայացրել է քաղաքի կառավարման  համակարգը:  Նա տեղեկացրել է, որ 2014թ. Ռիգան հռչակվել է  Եվրոպայի մշակութային մայրաքաղաք  եւ այդ կապակցությամբ ակնկալում  է Երեւանի քաղաքապետարանի մասնակցությունը նախատեսվող տոնական միջոցառումներին։