Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպել է Կիլիկիո կաթոլիկ հայոց պատրիարք-կաթողիկոս Ներսես Բեդրոս 19-րդի գլխավորած պատվիրակությանը եւ վերահաստատել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը` վկայակոչելով «Diaro Armenia»-ն:

Պապը հանդիպել է պատվիրակության անդամներին, որոնցից մեկն ասել է, թե Ցեղասպանության զոհերի ժառանգ է, ի պատասխան Հռոմի պապն ասել է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եղել է Հայոց ցեղասպանությունը»: Այդկերպ նա հաստատել է նախկինում արված հայտարարությունը, երբ Բուենոս Այրեսում ղեկավարում էր կաթոլիկ եկեղեցին որպես կարդինալ Խորխե Բերգոլիո:

Յոթ տարի առաջ Բուենոս Այրեսում  կարդինալը կոչ էր արել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը «որպես Օսմանյան կայսրության ծանրագույն հանցանք ընդդեմ հայ ժողովրդի եւ ողջ մարդկության»: