Ռուսաստանի մայրաքաղաքում, հունիսի 20-29-ին տեղի կունենա Մոսկվայի միջազգային 35-րդ կինոփառատոնը, որին ներկայացված է նաեւ ռեժիսոր Մարինե Զաքարյանի՝ Վիլյամ Սարոյանի համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանած «Փասիանի որսորդը» ֆիլմը (պրոդյուսեր Հովհաննես Գալստյան, արտադրող` Պարալլելս Ֆիլմ): Այս ֆիլմն ընդգրկված է միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:

Փառատոնի գլխավոր եւ կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին գլխավորելու է իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մոհսեն Մահմալբաֆը:

Փառատոնի գլխավոր մրցույթում «Սուրբ Գեորգի» մրցանակի համար պայքարելու են 16 ֆիլմեր: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընտրված ֆիլմերը յոթն են, որոնց թվում է Հայաստանը ներկայացնող «Փասիանի որսորդը» ֆիլմը: Եվս յոթ ֆիլմ մասնակցում են վավերագրական ֆիլմերի մրցույթին:

Փառատոնը բացվելու է ռեժիսոր Մարկ Ֆորսթերի World War Z, (ԱՄՆ, պրոդյուսերներ` Բրեդ Փիթ, Դեդե Գարդներ, Ջերեմի Կլեյներ, Յեն Բրյուս), գլխավոր դերում` Բրեդ Փիթ:

«Փասիանի որսորդը» ռեժիսոր Մարինե Զաքարյանի առաջին ֆիլմն է: Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրով, նույնիսկ հայաստանյան կինոարտադրության համար` չնչին բյուջեով, սեղմ ժամկետներում եւ սահմանափակ տեխնիկական միջոցներով: Ֆիլմը աչքի է ընկնում դասական գրողի հանդեպ հոգատարության ու ինքնուրույն մեկնաբանության համադրմամբ, ինչպես նաեւ թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ: Ֆիլմի օպերատորն է Միհրան Ստեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանն է, հնչունային ռեժիսորը` Լեւոն Նավասարդյանը: Ֆիլմում նկարահանվել են. Սամվել Վարդանյանը (առաջին դերը կինոյում), Անի Գալստյանը, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Կարեն եւ Սոս Ջանիբեկյանը: Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի ՀԱՅԱԿ մրցանակը` «Լավագույն դեբյուտ» անվանակարգում: