Վրաստանը տարածաշրջանի՝ Եվրամիությանն առավել մոտ կանգնած երկիրն է, Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ նախագահող Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինեսը։
Նա հայտնել է, որ ԵՄ-ն կողմ է Թբիլիսիի հետ հարաբերությունների խորացմանը։ Նրա խոսքով, ներկայումս քննարկվում է վիզային ռեժիմի պարզեցման ընթացակարգը, ինչը կբարելավի Եվրոպայում ապրող վրացիների վիճակը։ ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ «Վրաստանը մոտ է ԵՄ ասոցիացված անդամակցությանը»։ «Մեր այցի նպատակը Վրաստանի հետ համագործակցության գրաֆիկի մշակումն է»,- նշել է նա։
Վրաստանի արտգործնախարար Գեորգի Վաշաձեն իր հերթին ընդգծել է, որ Մորատինեսը Վրաստանի բարեկամն է, ով ռուսական ագրեսիայից հետո իրենց երկիր եկած առաջին եվրոպացի պաշտոնյաներից էր։
Նշենք, որ Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մորատինեսը կողմ էր արտահայտվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների աշխուժացմանը, ինչպես նաեւ երկրի՝ ԵՄ ասոցիացված շուտափույթ անդամակցությանը։




























