Տրանսֆերտների հոսքի մասին Կենտրոնական բանկի կողմից մանրամասն տեղեկատվություն է ներկայացվում, իսկ ահա արտահոսքի մասին տվյալները գտնվում են յոթ կողպեքի տակ: Ոչ առեւտրային բնույթի տրանսֆերտների «ներհոսք-արտահոսքի» ընդհանուր սալդոն ավանդաբար դրական է, եւ միշտ տպավորիչ թիվ է կազմել, անպես որ անհանգստության պատճառ չկա: Սակայն արտահոսքը նույնպես փոքր չէ:

Ընթացիկ տարվա հունվար- ապրիլին երկրի առեւտրային բանկերի միջոցով ֆիզիակական անձինք արտերկիր են փոխանցել գրեթե 83,9 մլն դոլար:  Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «արտահոսքի» բացարձակ աճը կազմում է ավելի քան  15,4 մլն դոլար կամ 18,4%-ով ավելի: Նշված ժամանակահատվածում տրանսֆերտների «ներհոսքի» բացարձակ աճը կազմել էր 48,9 մլն դոլար, իսկ աճի տեմպը` 12,6%:

Տրանսֆերտների արտահոսքի եւ ներհոսքի հարաբերակցության  աճի տեմպի տարբերությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 1,1տոկոսով` հասնելով  22,7%-ի: Այսինքն, հանրապետություն մտնող տրանսֆերտների գրեթե մեկ հինգերորդը նորից դուրս է գնում արտերկիրր:

Օրինակ, ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանից «ֆիզիկական անձանց» միջոցով ԱՄՆ է փոխանցվել գրեթե 10,4 մլն դոլար: Կան երկրներ,  որոնց հետ սալդոն անգամ բացասական է: Նշված ժամանակահատվածում, օրինակ, տրանսֆերտների արտահոսքը գերազանցել է ներհոսքը Չինաստանի (2,6 մլն դոլար)  եւ Թուրքիայի (0,6 մլն) դեպքում: Անցած տարի այս խմբում էր նաեւ ԱՄԷ-ն`  0,3 մլն դոլար ցուցանիշով:

«Արտասահմանցիների» հետ կապված իրավիճակի պարզաբանման համար դիմեցինք Կնետրոնական բանկին, որտեղից ասացին, որ նման տեղեկատվությունն ստանում են առեւտրային բանկերից` այն իմաստով, թե դիմեք առեւտրային բանկերին:

Իսկ նման բանկերից մեկից էլ պատասխանեցին, որ դա «առեւտրային գաղտնիք» է  եւ հրապարակման ենթակա չէ: Մեկ այլ բանկում խոստացան պատասխանել, սակայն  այդպես էլ չպատասխանեցին: Այնպես որ պարզ հարցը մնաց օդում կախված:

Զարմացնում է անհեթեթ իրավիճակը: Չէ որ, եթե մեր քաղաքացիներն ուրիշ երկրներից տրանսֆերտներ են փոխանցում  դրամական փոխանցման տարբեր համակարգերով, ապա նույնպիսի հնարավորություն ունեն Հայաստանում գտնվող օտարերկրացիները: Ինչու են բանկերի աշխատակիցները խուսափում պատասխանից:

Ցանկության դեպքում էլ ամեն ինչ կարելի է վերագրել առեւտրային գաղտնիքի, քանի որ ընկերություններն իրենք են որոշում, որ հարցերն են հատկապես համարվում «գաղտնի»:

Ալբերտ Խաչատրյան