Գրոհայինները հարձակվել են Պակիստանի հիմնադիր Մուհամադ Ալի Ջիննահի արեւմտյան Բելուջստան նահանգի Զիարաթ շրջանում գտնվող նստավայրի վրա: Այրվել է շենքի մեծ մասը:
Հունիսի 15-ի վաղ առավոտյան հանցագործները ներս են նետել նռնակներ: Բացի դրանից, նրանք սպանել են շենքը հսկող ոստիկանին: Հարձակմանը մասնակցել են մոտոցիկլետներով ժամանած չորս անձինք:
Ըստ ոստիկանության հաղորդման՝ այրվել են Ջիննահի տան աթոռները, մահճակալները, լուսանկարները: Տան փայտաշեն հատվածն այրվել է, պահպանվել է միայն բետոնե հատվածը: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Բելուջստանի Ազատագրական բանակը, որը պայքարում է հանուն նահանգի անկախության, հաղորդում է «dni.ru»-ն:
Ջիննահը ղեկավարել է Մահմեդական լիգան, որը պահանջում էր առանձնանալ Հնդկաստանից եւ ստեղծել Պակիստան պետություն, որտեղ մահմեդականները կկազմեին բնակչության հիմնական մասը: Երբ 1947թ. օգոստոսի 14-ին կազմավորվել էր Պակիստանը, Ջիննահը դարձել էր դրա գեներալ-նահանգապետ, նրան շնորհվել էր Քուայիդ է Ազամ տիտղոսը (Մեծ առաջնորդ): Զիարաթում Ջիննահն անցկացրել է իր վերջին օրերը:




























