Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ Պետր Նեչասի կառավարությունը պետք է հրաժարական տա վարչապետի մերձավոր աշխատակիցների հետ կապված սկանդալից հետո։

«Ես կարծում եմ, որ առաջադրված բոլոր մեղադրանքները շատ լուրջ են… Դա մեր հարցի ոչ ուղղակի, բայց պարզ պատասխանն է», — ասել է Զեմանը Լիդիցում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե պետք է արդյոք վարչապետ Նեչասի կառավարությունը շարունակի կատարել իր պարտականությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՉՏԿ-ին:

Հիշեցնենք, որ Չեխիայի դատախազությունն ավելի վաղ մեղադրանքներ էր առաջադրել պետհաստատություններում խուզարկումների ընթացքում յոթ ձերբակալվածների, այդ թվում նաեւ վարչապետի քարտուղարության ղեկավար Յանա Նագիեւային եւ ռազմական հետախուզության երկու աշխատակցի: Հունիսի 13-ի գիշերը ոստիկանությունը ձերբակալել էր Նագիեւային, ինչպես նաեւ մի շարք քաղաքական գործիչների: Ներկայացված մեղադրանքների շարքում է նաեւ ռազմական հետախուզության լիազորությունների չարաշահումը: