ԱՄՆ Յութա նահանգի Օգդեն քաղաքի եկեղեցում պատարագի ժամանակ արյունալի միջադեպ է գրանցվել: Կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել է 35-ամյա Չարլզ Ռիչարդ Ջենինգս կրտսերը:
Կիրակնօրյա պատարագի ժամանակ նա մտել է եկեղեցի եւ կրակել այցելուներից մեկի ծոծրակին, հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Fox News-ը:
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
Ականատեսների վկայությամբ՝ Ջենինգսի զոհը նրա աներն է, իսկ նման քայլի պատճառն ընտանեկան վեճն է եղել: Մահափորձից հետո փեսան, սպառնալով ատրճանակով, առեւանգել է բեռնատարը եւ փորձել է դիմել փախուստի, սակայն նրան ձերբակալել են հարեւան Բոքս-Էլդերի շրջանում:




























