«ՀԱԿ-ի ներկայացրած „100 քայ“ տնտեսական ծրագրի վերաբերյալ հանրային քննարկումները կսկսենք ինչպես ՀԱԿ-ի տարածքային կառույցներում, այնպես էլ սեմինարների տեսքով: Ակտիվ քարոզչական գործունեություն կլինի»,- մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, հավելելով, որ քննարկումներ կլինեն նաեւ հայ-թուրքական եւ ԼՂ խնդրի հետ կապված գործընթացների վերաբերյալ:

Հարցին, թե արդյո՞ք իշխանությունները հետաքրքրություն ցուցաբերում են ՀԱԿ-ի ներկայացրած «100 քայլ»-ի վերաբերյալ, նա պատասխանեց, որ ներքին խողովակներով իրենք գիտեն, որ իշխանությունները լրջորեն քննարկում են այդ ծրագիրը: «Իշխանությունները անհարմար վիճակում են, քանի որ եթե փորձեն արձագանքել պետք է արձագանքեն քննադատությամբ, սակայն դա այդքան էլ հեշտ չէ»,- ասաց Մուսինյանը, հավելելով, որ ՀԱԿ-ը դեռ հղկում է այդ ծրագիրը եւ երբ դրա վերաբերյալ հանրային արձգանքներ լինեն, բոլորը կտեսնեն, որ «կոնգրեսի պոտենցիալը բազմաթիվ անգամ գերազանցում է ռեժիմի պոտենցիալին»:

«Մենք ուրախ կլինենք, եթե իշխանություններն իրականացնեն մեր տնտեսական ծրագրերը, սակայն նրանք ունակ չեն պայքարել իրենց դեմ: Մենք ցույց ենք տվել, թե ինչպես փոսից հանել երկիրը եւ այդ ծրագրի իրագործումը կմնա այն ուժին (մենք գիտենք թե ով այդ ուժը), որը կգա իշխանափոխությունից հետո եւ կիրականացնի այդ ծրագիրը»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե նման ծրագիր առաջարկելով, ՀԱԿ-ը կարծես դառնում է իշխանությունների հետ համագործակցող ուժ եւ կառուցողական ընդդիմություն, Մուսինյանն առարկեց, նշելով. «Մենք մեր մոտեցումները ներկայացնում ենք հասարակությանը: Եթե իշխանությունը վերցնի դրանք ու իրականացնի, դրանից չի բխում, որ մենք համագործակցում ենք իշխանությունների հետ կամ կառուցողական ընդդիմություն ենք դառնում, որն իմ կարծիքով, տխմար հասկացություն է»: