«Nabucco» նախագիծը կարող է իրագործվել եւ այն ապրելու իրավունք ունի: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանում Եվրահանձնաժողովի ներկայացչության ղեկավար Մարկ Ֆրանկոն։ Նրա խոսքով, արդեն այս պահից գազը կարող է ներմուծվել Ադրբեջանից, Իրանից եւ այլ աղբյուրներից, այդ թվում նաեւ Եգիպտոսից։
Անդրադառնալով, մասնավորապես 2010 թվականին ռուս-ադրբեջանական գազային նախագծի համաձայնագրին, Ֆրանկոն նշել է, որ այդ երկրները համագործակցում են այլ նախագծի շրջանակներում, այնպես որ, Ադրբեջանին ոչինչ չի խանգարում մասնակցել «Nabucco» նախագծին։
Հիշեցնենք, որ «Nabucco» նախագծի համաձայնագիրը ստորագրել են 5 երկրներ՝ Թուրքիան, Ավստրալիան, Բելգիան, Բուլղարիան եւ Ռումինիան։ Նախագծում մասնակցում է նաեւ Գերմանիան, սակայն նա ոչինչ չի ստորագրել, քանի որ չի հանդիսանում տարանցիկ երկիր։ Նշենք, որ այս նախագծում ներգրավման շահագրգռվածություն ունի Իրանը, որպես գազ մատակարարող, սակայն դրան խոչնդոտում է ԱՄՆ-ը։
«Nabucco» նախագիծն ուղղված է կասպյան տարածաշրջանից գազը ԵՄ երկրներ հասցնելուն, ինչը հնարավորություն կտա այդ երկրներին ավելի անկախ լինել Ռուսաստանից։
Գազամուղի կառուցման աշխատանքը նախատեսվում է սկսել 2011 թվականից, իսկ գազի առաջին մատակարարումը կլինի 2014 թվականին։ Գազամուղի առավել հզորությունը կկազմի տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր։



























