NEWS.am-ը ընթերցողին է ներկայացնում Երեւանի բանուկ փողոցներում գտնվող քանդած դիտահորերի մի մասը, որոնցից միայն մեկում է շինարարական աշխատանքի ժամկետների մասին տեղեկություն նշված։ Մնացած դեպքերում երեւի տրամաբանությունը հետեւյալն է՝ «ով ոնց հասկանա»։

Բոլորին էլ հայտնի է, որ փողոցում գտնվող դիտահորերի քանդողը հիմնականում «Երեւան Ջուր» ընկերությունն է, բայց չգիտես ինչու, այդ մասին կրկին տեղեկությունը բացակայում է։ Ամենակարեւորն այն է, որ կրկին անհասկանալի պատճառով քանդած փողոցները, այդ վիճակում են մնում լավագույն դեպքում մի շաբաթ, բայց ավելի հաճախ դրանց «շինարարական» աշխատանքը տեւում է ամիսներ։ Ընթերցողին տեղեկացնենք, որ լուսանկարները կատարվել են աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերի, բայց տվյալ աշխատանք կատարողները տեղում չեն, ու տեղում չեն էլ երեւացել մի քանի օր շարունակ։ Բնականաբար հարց է առաջանում, ինչու պատկան մարմինները, որ ունեն լայն իրավասություն, չեն ասում. «Տղե՜րք, քանդել եք, եկեք սարքեք, թե չէ կտուգանենք»։

Այս լուսանկարներում Առնո Բաբաջանյան փողոցն է, որը միացնում է Հարավ-արեւմտյան թաղամասը Իսակովի պողոտային։ Երեւում է, որ դիտահորը մայթի վրա է, սակայն ինչ-որ մի «հանճարի» ուղեղում փայլուն միտք է ծագել, քանդած հողը լցնել ուղիղ փողոցի բանուկ հատվածում։

Սա Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ պողոտաների խաչմերուկն է։ Աշխատանքը սկսել են ապրիլի 25-ին, ավարտելու են օգոստոսի 25-ին։ Նշենք, որ եթե կյանքում բետոնի հետ աշխատանք չարած մարդկանց էլ վարձած լինեին, ապա այդ սկսնակներին 3 մետրը 3-ի վրա բետոնից «տուփ» սարքելու համար անհրաժեշտ կլիներ 1 ամիս, առավելագույնը 2 ամիս, բայց ոչ թե կես տարի։ Աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար կարող ենք խորհուրդ տալ, որ բետոնը չորանալուց հետո, այն կարելի է ծածկել, վրան էլ ասֆալտ փռել, բետոնը դրանից չի փչանում, իսկ մնացած աշխատանքները արդեն կարող են պատրաստի հորում կատարել՝ չվտանգելով երթեւեկությանը։

Արցախի փողոցն է։ «Երեւան Ջուր» ընկերության հետքերի վառ ապացույցներ կան։ Երկու կիսաժանգոտ ցուցանակ։ Կան նաեւ քանդած ասֆալտի ճանապարհ, ցեխախառը հող, իսկ փոսը լի է աղբով։

Այս լուսանկարը եւս աշխատանքային օրն է կատարվել, աշխատանքային ժամին։ Սեբաստիա փողոցն է։ «Երեւան Ջուրը» քանդել է փոսը, ցուցանակները փակցրել, որ ինքն է քանդել, բայց երբ է ավարտելու աշխատանքը չի նշել։ Հատկանշական է, որ շրջանցման նշանը վարորդին հուշում է, որ ուղիղ փոսի վրա քշի։

Աստեղ պատկերված է Հաղթանակ գյուղի բանուկ փողոցներից մեկը։ Փոսը փորողները մակագրություն այս անգամ չեն թողել, բայց մյուս փորած փոսերի հետ համեմատական անցկացնելուց կարելի է «ձեռագրի» բազմաթիվ ընդհանրություններ գտնել։

Ցանկանում ենք հիշեցնել, որ «Երեւան Ջուր» ընկերության նմանատիպ գործունեության պատճառով Երեւանի ծանրաբեռնված երթեւեկությունն ավելի է բարդանում, եւ տեղի են ունենում բազմաթիվ ճանապարհային պատահարներ։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը իրավասու է ստիպել «Երեւան Ջուր» ընկերությանը կատարել աշխատանքը «խելամիտ ժամկետում», եւ կազմակերպել աշխատանքն այնպես, որ այն չխոչընդոտի երթեւեկությանն ու չվտանգի քաղաքացիների կյանքը, իսկ եթե պայմանները չեն կատարվում, իրավասու է տուգանելու, սակայն մինչեւ օրս նմանատիպ հիշարժան դեպք չի եղել։