Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր՝ հունիսի 25-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվել են նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված` մարզերի կրթական հաստատություններում անհրաժեշտ աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցության օրակարգում էին նաեւ համայնքների ավագանիների կողմից տրամադրվող հողի հարկի եւ գույքահարկի արտոնությունների չափորոշիչներին վերաբերող հարցերը: Ա. Գեւորգյանը մարզպետներին առաջարկել է հասարակության համար հասանելի դարձնել եւ հրապարակել հողի հարկի, գույքահարկի արտոնություններից օգտվող անձանց ցուցակները`նշելով նրանց սոցիալական կարգավիճակը եւ բնակության վայրը: Միաժամանակ հանձնարարվել է ստուգել վերջին 2-3 տարիներին արտոնություններ ստացած անձանց ցուցակները եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահել արտոնությունների տրամադրման գործընթացը:
Բարձրացվել է նաեւ համայնքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի խնդիրը: Զեկուցվել է, որ Սյունիքի մարզում, մասնավորապես` Մեղրի համայնքում, կուտակված աշխատավարձերի ընթացիկ պարտքերն արդեն մարվել են: Ա. Գեւորգյանը Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզպետներին առաջարկել է քայլեր ձեռնարկել իրենց մարզերում առկա նմանատիպ խնդիրները սեղմ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ:
Առանձին քննարկվել է նաեւ մարզերում Վերահսկիչ պալատի եւ ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող ստուգումների հարցը: Փոխվարչապետը հորդորել է ստուգումների արդյունքները ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դրանց վերաբերյալ իրենց հիմնավորված պարզաբանումները:




























