Գազը Հայաստանում արդեն թանկացել է, սակայն մեզանից ոչ ոք տեղյակ չէ կառավարության կողմից սակագինը սուբսիդավորելու աղբյուրի եւ ձեւերի մասին: Այս մասին հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
«Մտահոգության պատճառ հանդիսացող գլխավոր գործոնն այն է, որ հայ հասարակությունը չգիտի, թե ինչ է կատարվում գազի գնի հարցերով: Գազի գինը բարձրացել է: Հայաստանի կառավարությունը մեկ ու կես ամիս առաջ հայտարարել է, որ կսուբսիդավորի սակագնի 30 տոկոսը, սակայն այդ գործընթացի մանրամասները մեզ հայտնի չեն»,-ընդգծել է Աղվան Վարդանյանը, հավելելով, որ դա ամենավտանգավորն է, քանի որ նախաձեռնելով մի բան եւ վստահ չլինելով շարունակության եւ արդյունքի վրա, նշանակում է անընդհատ կախվածության մեջ լինել:
Նրա համոզմամբ, չնայած որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք պետք է այլընտրանքային տարբերակներ ունենանք բոլոր ուղղություններում:



























