Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ավտոմատ սարքից ստացված կաթից 3 երեխաներ ստամոքսային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են քաղաքի թիվ մեկ հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է: Եվս 7 երեխաներ թունավորվել են չլվացված բանջարեղենից ու հատապտուղներից, ինչպես նաեւ կեղտոտ ձեռքերով սնվելուց:
Հում գյուղական կաթի վաճառքի համար նախատեսված հատուկ սարքերը տեղադրվել են Պետերբուրգի Կրասնոսելսկի եւ Կիրովի շրջաններում: Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» զգուշացրել էր քաղաքացիներին, որ ավտոմատ սարքերի հում կաթը կարող է վտանգավոր լինել առողջության համար եւ ստամոքսային հիվանդությունների պատճառ դառնալ:
Քաղաքի վարչակազմի առողջապահության հանձնաժողովի մամուլի քարտուղար Եվգենյա Սեմյոնովան հայտարարել է, որ մահացած երեխան տառապել է ծանր խրոնիկ հիվանդությամբ եւ մինչ այդ լուրջ բուժում է անցել, ինչը թուլացրել է նրա իմունիտետը:
























