Հայաստանի գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ, այսօր՝ հունիսի 26-ին, տեղի է ունեցել բողոքի ակցիա` ամբաստանյալ Մկրտիչ Դանիելյանի եւ նրա հարազատների մասնակցությամբ: Նրանք բողոքում էին Մ. Դանիելյանի նկատմամբ կայացված դատական ակտի դեմ:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` հունիսի 25-ի դատավճռով Մ. Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ, եւ դատապարտվել ազատազրկման` 7 տարի ժամկետով:

Ակցիայի մասնակիցների ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, լսել նրանց պահանջները, առարկությունները: Ընդունելության ժամանակ նրանց բացատրվել է դատավճիռը բողոքարկելու կարգը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է 2008թ. հոկտեմբերի 25-ին Հանքավանի մայրուղում տեղի ունեցած ավտովթարին, որի հետեւանքով մահացել էին Մ. Հերացիի անվան բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող 19-ամյա Աբրահամ Բագլաչյանն ու նրա հորեղբայր՝, 45-ամյա Տիգրան Բագլաչյանը։

Աբրահամ Բագլաչյանի հայրը՝ Արայիկ Բագլաչյանը «Ա1+.-ին հայտնել է, որ ինքը գոհ չէ դատավճռից եւ բողոքարկելու է այն: «Այս դեպքը կապված է զուտ մեր Հրազդանի քաղաքապետի՝ Արամ Դանիելյանի հետ, որովհետեւ քաղաքապետի հորեղբոր տղան է մեքենայի մեջ եղել։ Մեր «Ժիգուլիին» հարվածել է դիմացից մեծ արագությամբ ընթացող մեքենան, որդիս եւ եղբայրս տեղում մահացել են»,-ասել է Արայիկ Բագլաչյանը։