Օրերս «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալներից մեկը դիմել է ինքնավնասման` կուլ տալով մեծ քանակությամբ երկաթե իրեր: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, նրան որովայնի ցավերով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ այսօր վիրահատել են:
Մեր թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մարգարյանը հաստատել է այս տեղեկությունը, մանրամասնելով. «Երեկ մեզ մոտ է ընդունվել Վլադիսլավ Եդիգարովը, ժամը 18:00-ի սահմաններում` որովայնում եղած օտար մարմնի հետ կապված: Ըստ նրա հետ եղած անձանց պատմածի, վերջինս մետաղական տարբեր իրեր, այդ թվում նաեւ մեխեր է կուլ տվել»:
Մեկօրյա հսկողության արդյունքում կատարվել են բազմաթիվ ռենտգեն հետազոտություններ եւ պարզվել է, որ մետաղյա խուրձը գտնվում է ստամոքսում եւ չի տեղաշարժվում, այսինքն բնական ճանապարհով դուրս չի գա: Այսօր արդեն հետագա բարդություններից խուսափելու համար վերջինիս վիրահատել են, ստամոքսից հեռացնելով 55 օտար մարմին` մեխերի եւ մետաղալարերի տեսքով:
Վերջինս ըստ բժշկական կենտրոնի տնօրենի, հիվանդանոց է տեղափոխվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից:
Մանրամասները տեսանյութում։
Լուսանկարն ու տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի




























