ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մինչեւ տարեվերջ երկարաձգել է Սիրիայի եւ Իսրայելի սահմանազատման գծում՝ Գոլանի բարձունքներում խաղաղարարների (UNDOF) մնալու ժամկետը եւ զորակազմի ամրապնդման մի շարք միջոցներ ձեռնարկել: ՄԱԿ ԱԽ-ն նաեւ սիրիացի ապստամբներից պահանջել է դադարեցնել ռազմական գործողություններն այդ հատվածում:
UNDOF-ի ընդհանուր զորակազմը հասցվելու է առավելագույնի՝ 1250 մարդու, ինչպես նախատեսված է 1974թ. Սիրիա-իսրայելական հրադադարի համաձայնագրով:
«Մեզ համար սկզբունքային էր այն դրույթի ընդունումը, որ սահմանազատման գծում զինված ընդդիմության ակտիվություն չպետք է լինի»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ներկայումս Գոլանի բարձունքներում 800 խաղաղարար է գտնվում, մինչդեռ Ավստրիան հայտարարել է իր զինծառայողներին դուրս բերելու մտադրության մասին: Տեղում մնացել են միայն խաղաղարարներ Հնդկաստանից եւ Ֆիլիպիններից, ավելի վաղ դուրս էին բերվել Խորվաթիայի, Կանադայի եւ Ճապոնիայի զինվորականները:





























