Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի հիվանդանոցից դուրսգրումը անընդհատ ձգձգվում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը նշեց, որ նրան մտադիր են դուրս գրել հաջորդ շաբաթ: Ի դեպ, նախորդ շաբաթվանից սկսած` տնօրենը հայտնում էր, թե դուրս կգրեն այդ շաբաթ, այնուհետեւ նշել էր, թե Արտակ Բուդաղյանին դուրս կգրեն մինչեւ այս շաբաթվա վերջ:
Իսկ թե ինչն է պատճառը, որ անընդհատ ձգձգվում է նրա դուրս գրումը, Արամ Ասատուրյանը պարզաբանեց, որ ամեն օր բժիշկները նայում են նրան, գնահատում վիճակը: «Վիճակը նորմալ է, անհանգստանալու խնդիր չունենք, դրենաժները նոր են հանել: Առհասարակ, հիվանդի վիճակը գնահատում ենք անալիզներով, աննշան շեղում կար անալիզների մեջ, պետք է լրիվ լինի, որ դուրս գրենք»,- նշեց նա:
Արամ Ասատուրյանն ասաց, որ նրան մյուս շաբաթ կներկայացնեն Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստի, որը կորոշի, թե ինչքան արձակուրդ կտրվի Արտակ Բուդաղյանին: Հետբուժական արձակուրդից հետո հրամանատարը վերադառնալու է հիվանդանոց, հետազոտվի, եւ եթե լիարժեք ապաքինված լինի, ապա կանցնի ծառայության: Արամ Ասատուրյանն ասաց, որ Արտակ Բուդաղյանը զինվորական ծառայության կվերադառնա մոտ 1,5 ամսից:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:



























