«Վահե Ավետյան» շարժման նախաձեռնող խումբը հայտարարում է Հանրային Արդարության Տրիբունալ ստեղծելու գործընթացի անհրաժեշտության մասին։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամներից Գարեգին Չուգասզյանը։

Նա նշեց, որ նպատակն է լինելու իշխանական համակարգի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած հանցագործությունների հայտնաբերումը եւ բացահայտումը, դատաիրավական մարմինների եւ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողությունը եւ նրանց գործողություններին պատշաճ եւ հիմնավոր իրավաքաղաքական գնահատականներ տալը։ Հանրային Արդարության Տրիբունալի նպատակն է լինելու նաեւ բռնարարքների զոհերի արժանապատվության պաշտպանության եւ հանրության իրազեկման նպատակով մասնագիտական ու հասարակակն-քաղաքական եզրակացությունների հրապարակումը։

«Վահե Ավետյանի սպանության մեկ տարի ձգվող գործը վառ օրինակ է հանդիսանում եւ մատնացույց անում ազգակործան ու պետականադրույժ քաղաքականության մասին։ Մեր երկրում ձեւավորված անպատժելիության գաղջ մթնոլորտի անանցանելիությունն ստիպում է մեզ համագործակցել բոլոր շահագրգիռ հասարակական կառույցների հետ՝ մեկնարկել Հանրային Արդարության Տրիբունալ ստեղծելու գործընթացը»,- ասված է նախաձեռնողների հայտարարության մեջ։