Նախկին մարմնամարզուհի եւ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան, ում անունը կապում են Վլադիմիր Պուտինի անվան հետ, «Մեծ սպորտ» ամսագրին տված հարցազրույցում լակոնիկ կերպով հասկացրել է, որ «ոչ մեկին իր անձնական կյանք չի թողնելու», սակայն մեկ հարցի` կապված երեխաների հետ, հավաստիացրել է, որ չունի:

Շրջանառող լուրերի համաձայն` Կաբաեւան երկու երեխա ունի: Առաջին անգամ Պուտինի եւ Կաբաեւայի ենթադրյալ հարաբերությունների մասին խոսվել է 2008-ի ապրիլին, երբ այդ մասին գրել էր «Մոսկովսկի Կորրեսպոնդենտ» պարբերականը: Հոդվածում նշվում էր, թե իբրեւ, Պուտինը բաժանվել է իր տիկին Լյուդմիլայից եւ պատրաստվում է ամուսնանալ մարմնամարզուհու հետ:

Պուտինը ստիպված էր հասարակայնորեն հերքել այդ տեղեկությունները: Բանը դատարանի չէր հասել, սակայն շուտով պարբերականը փակվել էր:

Հետո ինտերնետում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե սիրավեպի տրամաբանական շարունակությունը երեխայի լույս աշխարհ գալն էր: Երբ Կաբաեւային տեսել էին երեխայի հետ, որի տարիքը համընկնում էր «Պուտինի ենթադրայլ երեխայի» տարիքին, Կաբաեւան կրկին ընդգծել էր, որ երեխաներ չունի, իսկ փոքրիկն ընդամենն իր զարմիկն է: Այս մասին գրում է NEWSru.com-ը:

Հունիսի սկզբին Ռուսաստանի նախագահի եւ նրա կնոջ ամուսնալուծության վերաբերյալ արված ցնցող հայտարարությունից հետո արեւմտյան պարբերականները կրկին հիշատակել են Կաբաեւայի եւ Պուտինի կապը: Անգամ ենթադրություններ են հայտնվել այն մասին, որ նախագահը բաժանվում է` Կաբաեւայի հետ հարաբերություններն օրինականացնելու եւ ենթադրյալ երեխաներին «հայրություն անելու»: